Թբիլիսին Երևանին և Բաքվին առաջարկել է եռակողմ համագործակցության նախաձեռնություն
17 Հունվարի 2025, 13:17

Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Բաքվում տեղի ունեցած տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել և խթանել համագործակցությունը տարածաշրջանում։ Վրաստանը կողմերին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում»,- ասել է Կոբախիձեն։
Նա նաև նշել է, որ տարածաշրջանում և աշխարհում բարդ աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում էլ ավելի մեծ նշանակություն են ստանում խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանային զարգացման և կայուն բարեկեցության համար։