Թուրքիայից ներկրվող հումքի գինը կնվազի, բայց հայկական արտադրանքը շուկայից դուրս մղվելու վտանգի առաջ կկանգնի. տնտեսագետը՝ Մարգարայի կամրջի բացման էֆեկտի մասին

02 Օգոստոսի 2023, 18:22

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանը Մարգարայի կամրջի վրա անցակետ է կառուցում: 1993-ից ի վեր տարբեր ժամանակահատվածներում մի քանի ժամով վերաբացված կամուրջը շուտով մշտական շահագործման է հանձնվելու: Դա տեղի է ունենալու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների արդյունքում: Հայաստանն ու Թուրքիան սրա վերաբերյալ համաձայնության էին եկել դեռ անցյալ տարի: Ու չնայած իշխանությունների խոստումներին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տնտեսական մեծ էֆեկտ է ապահովելու, փորձագետները լավատես չեն:

«ՀԱՅԱՑՔ» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը նշում է՝ Մարգարայի կամուրջրի բացումը մեծ տնտեսական արդյունք չի կարող ապահովել:

«Մարգարայի կամուրջը գտնվում է բավականին լավ վիճակում և պատրաստ է շահագործման»,- հայտարարել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Պաշտոնյան նշել էր, որ կամուրջը՝ ըստ էության հայ-թուրքական սահմանը, բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար: Alpha News-ի հետ զրույցում «ՀԱՅԱՑՔ» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը ասաց, որ որևէ հույս չկա, որ կամրջի բացմամբ Հայաստանը տնտեսական մեծ արդյունավետություն է ունենալու:

Փորձագետը նաև ընդգծում է՝ թեպետ իշխանությունը խոսում է Թուրքիայի հետ տնտեսական լայն հնարավորությունների մասին, սակայն, դեռ չի էլ հստակեցրել, թե այդ կամրջով բեռներ տեղափոխվելո՞ւ են, թե ոչ:

«Անցակետի թողունակությունը շատ ցածր է, որը երևում է անգամ անզեն աչքով: Այն լինելու է միակողմանի անցակետ: Տնտեսական էֆեկտները շատ ավելի զգալի կլինեին, եթե կամրջի բացմանը զուգահեռ, գործընթացներ գնային մյուս ենթակառուցվածքների վերականգնման շուրջ»,- բացատրում է Լիլիա Ամիրխանյանը:

Նրա խոսքով՝ որոշակի տնտեսական արդյունքի մասին կարելի էր խոսել, եթե բացվեր Կարս-Գյումրի երկաթուղին: Մինչդեռ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու վերագործարկումից հետո, Հայաստանի հյուսիսը շրջանցվեց, ինչից հետո մեր տնտեսական հնարավոր արդյունքներն է՛լ ավելի նվազեցին:

Լիլիա Ամիրխանյանն, այնուամենայնիվ, ընդգծում է՝ կամրջի վերաբացմամբ Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը որոշակիորեն աճ է գրանցելու: Տեղի է ունենալու լոգիստիկ ծախսերի կրճատում, սակայն, դա իր հետ բերելու է նաև մեծ ռիսկեր՝ հենց հայկական տնտեսության համար: «Թուրքիայից ներկրվող հումքի գինը միգուցե, որոշակիորեն նվազի, փոխարենը հայկական արտադրանքը մեր շուկայից դուրս մղվելու վտանգ առաջ կհայտնվի»,- ասում է նա:

Ամիրխանյանը հիշեցնում է, որ երբ Հայաստանը վերացրեց թուրքական ապրանքների բեռնարգելքը, շուկան լցվեց թուրքական ապրանքներով: Նույնիսկ փակ սահմանների պայմանում, Թուրքիայից դեպի Հայաստան ապրանքաշրջանառությունն ահռելի է: «2022 թվականի դրությամբ Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 324 մլն դոլար: Ներմուծումը մի քանի անգամ գերազանցում է արտահանումը»,-ընդգծում է փորձագետը:

Նա նշում է, որ գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը Հայաստանում, առանց այդ էլ, խոցելի վիճակում են, ինչի մասին են վկայում աճման թվերը: Անդրադառնալով հարցին, թե ո՞րն է այստեղ Թուրքիայի տնտեսական շահը և ի՞նչ նպատակ է հետապնդում այդ երկիրը՝ համաձայնելով բացել Մարգարայի կամուրջը, Լիլիա Ամիրխանյանը նշում է.

«Թուրքիայի համար Մարգարայի կամուրջը միայն հայ-թուրքական սահման չէ: Այն, նախ և առաջ, սահման է դեպի ԵԱՏՄ երկրներ»:

Փորձագետը հիշեցնում է՝ ռուս-թուրքական ամենալարված ժամանակաշրջանում թուրքական գյուղմթերքը բերում էին Հայաստան եւ այն ներկայացնելով իբրև հայկական՝ արտահանում