Հայ-իրանական հարաբերություններ, TRIPP նախագիծ և տարածաշրջանային լարվածություն. «Alpha Persian»-ի 17-րդ թողարկման գլխավոր թեմաները
04 Օգոստոսի 2026, 13:00
«Alpha News»-ի պարսկալեզու ալիքն իր 17-րդ թողարկմանը ներկայացրել է տարածաշրջանային, քաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական վերջին կարևորագույն զարգացումները։ Թողարկման առանցքում են ՀՀ նոր կառավարության ձևավորումը, հայ-իրանական տնտեսական ու էներգետիկ օրակարգը, TRIPP նախագիծն ու տարածաշրջանային մարտահրավերները։
1. Հայաստանի ներքաղաքական զարգացումներ
— Նիկոլ Փաշինյանի վերանշանակումը․ ՀՀ նախագահի հրամանագրով, խորհրդարանական մեծամասնության առաջադրմամբ, Նիկոլ Փաշինյանը վերանշանակվել է վարչապետի պաշտոնում։
— 9-րդ գումարման Ազգային ժողովի մեկնարկը․ Նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում պատգամավորներին քաղաքական միասնության կոչ է արվել՝ հանուն երկրի տնտեսական հզորացման և տևական խաղաղության։
2. Հայ-իրանական հարաբերություններ, էներգետիկա և TRIPP նախագիծ
— Բարձրաստիճան տնտեսական բանակցություններ․ Իրանի ԱԳ փոխնախարար Համիդ Ղանբարին Երևանում քննարկել է ենթակառուցվածքային ծրագրերի արագացումն ու տրանսպորտային կապերի ընդլայնումը։
— Իրանական ներդրումներ Հայաստանում․ Իրանի ԱԳՆ պաշտոնյան այցելել է «Քարակերտ Սթիլ» գործարան՝ վերահաստատելով Թեհրանի պատրաստակամությունը աջակցելու հայաստանյան իրանական բիզնեսին։
— Փաշինյանը՝ TRIPP նախագծի մասին․ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ TRIPP-ը տարածաշրջանային խոշոր ծրագիր է, և Երևանը պատրաստ է փարատել դրա վերաբերյալ Թեհրանի բոլոր մտահոգությունները։
— Գազի ներկրում և նոր կամուրջ․ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել կրկնապատկել իրանական գազի ներկրումը, իսկ 2027 թվականին նախատեսվում է Արաքս գետի վրա նոր կամրջի շինարարության մեկնարկը։
3. Տարածաշրջանային լարվածություն
— Մեդիա-հակամարտություն Թեհրանի և Բաքվի միջև․ Իրանի կողմից ադրբեջանական պետական AzTV-ն «թշնամական» հայտարարելուց հետո, Բաքուն պատասխան քայլով իր տարածքում արգելափակել է իրանական Mehr և Səhər լրատվամիջոցները։
— The Telegraph. Իրանի ցամաքային շրջափակում․ Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը դիտարկում են հարևան երկրների սահմանային անցակետերի փակման միջոցով Իրանին տնտեսական մեկուսացման ենթարկելու ծրագիրը։
Տասնվեցերորդ թողարկումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://youtu.be/V3GH9aqgvL4