Իրան-Իսրայել հակամարտություն․ համաշխարհային տնտեսության շոկերն ու սպասումները
17 Հունիսի 2025, 18:15
Իրանի և Իսրայելի միջև բռնկված պատերազմը ազդեցություն արդեն իսկ ունի և, իհարկե, կախված հնարավոր սցենարներից, զարգացումների բավական մեծ սպասումներ ձևավորել է համաշխարհային տնտեսության համար:
Բնական է, որ առաջին հետևանքներն ու ազդեցությունները շոկային են, անկայուն և բարդ կանխատեսելի՝ չափերի և մասշտաբների տեսանկյունից:
Ինչպես և սպասելի էր, ամենազգայունը ինդեքսներն ու նավթի գներն են:
Հիմնական ինդեքսները կոնֆլիկտի առաջին պահից անկում արձանագրեցին, թեև՝ հետագայում որոշակիորեն կարգավորվեցին։ Փոխարենը նավթի գներն աճեցին և շարունակում են աճի ներքո մնալ։
Նավթի գների կտրուկ աճն առավել քան հասկանալի է. Իրանն օրական շուրջ երկու մլն բարել նավթ է արտահանում: Իրանն, արդյունահանման ծավալներով, նավթ արդյունահանող երկրների մեջ երրորդն է։ Արդյունահանման օրական ծավալները կազմում են շուրջ 3.3 մլն բարել՝ գումարած շուրջ 1.3 մլն բարել նավթամթերք, ինչն, ընդհանուր առմամբ, գնահատվում է համաշխարհային մատարակարումների 4,5 տոկոսի չափով: Բնական է, որ խոշոր նավթ արդյունահանող և արտահանող երկրի պարագայում նավթի գների արձագանքը, մատակարարումների հնարավոր խաթարումների հետ կապված, առավել քան սպասելի է:
Բայց և՛ ինդեքսների, և՛ նավթի գների, և՛ առհասարակ համաշխարհային տնտեսության սպասումների առումով վատագույն սցենարն այն է, եթե Իրանը փակի Հորմուզի նեղուցը։ Իրանն Իսրայելի հարձակումներից հետո դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը։
Հաշվի առնենք, որ Հորմուզի նեղուցով անցնում է նավթի համաշխարհային հոսքերի 20 տոկոսը, բնական հեղուկացված գազի 30 տոկոսը, ծովային բեռնափոխադրումների զգալի մասը։ Նավթի գների ճշգրտումը դեպի վեր է՛լ ավելի կթանկացնի էներգակիրների գները, ինչը հատկապես եվրոպական երկրների արտադրողական կարողություններին հերթական հարվածը կլինի։ Արտադրական կարողություններին հարված է այդ պարագայում ստանում նաև Չինաստանը։ Պատահական չեն գնահատականները, որ Իսրայելի հարձակումն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ին նաև այս համատեքստում է ձեռնտու։ Միաժամանակ մեդալն ունի հակառակ կողմ՝ ի դեմս նավթ արդյունահանող երկրների համար թանկ նավթի, այսպես ասած, «հարմարավետ իրավիճակի», այդ թվում՝ ՌԴ-ի համար։
Ինչևէ, այսօրվա զարգացումները հանգեցրել են նաև ոսկու գների բարձրացման: Այս ամենը, իրավիճակի երկարաձգման պատճառով գնաճի նոր դրևսորումների կհանգեցնեն, այդ թվում՝ առավելապես զարգացած տնտեսությունների համար։
Հասկանալի է, որ համաշխարհային տնտեսությունում նման գլոբալ նոր շոկի հավականությունն իր հետևանքներով չի շրջանցի նաև Հայաստանը։ Ինչպես գլոբալ տնտեսության պարագայում, մենք ևս արդեն իսկ ենթարկվում ենք կարճաժամկետ ազդեցությունների և ունենք երկարաժամկետ ռիսկեր։ Դրանց թվում Իրանի տարածքով ՀՀ առևտրաշրջանառության ներկայիս արգելափակումը․ մասնավորապես՝ Բանդեր Աբբաս նավահագնստում մնացած հայկական բեռնատարների խնդիրը։ Խոսքը մոտ 300 բեռնարկղերի մասին է, որոնք Չինաստանի հետ առևտրի մասն են։
Բնական է, որ երկարաժամեկտ սցենարի դեպքում սա Հայաստանի համար այլընտրանքային ուղու լուրջ կորուստ է․ Իրան-ՀՀ առևտրաշրջանառությունը 2024թ-ին կազմել է ընդհանուրի 2,4 տոկոսը կամ մոտ 740 մլն դոլար, այս տարվա հունվար-ապրիլին՝ ընդհանուրի 3,5 տոկոսը կամ 222 մլն դոլար։
Ավելի երկարաժամկետ հեռանկարում խնդիրները շատ ավելի գլոբալ են՝ եկող և՛ համաշխարհային տնտեսության ազդակներից, օրինակ գնահատվել է, որ վատագույն սցենարի դեպքում ՀՀ տնտեսական աճը 5,1 տոկոսի փոխարեն 1,3 տոկոս կլինի։ Սակայն, Իրանի հետ մեզ համար ռազմավարական նշանակության նախագծերի իրականացման հարցն է հարցականի տակ։