Տնտեսական աճի միակ շահառուն իշխանությունն է
29 Մայիսի 2025, 18:15
Ո՞վ է Հայաստանի տնտեսական աճի շահառուն․ հարցադրում, որն օրինաչափ իրավիճակներում առավել քան տարօրինակ կարող էր թվալ։ Սակայն հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանի վիճակագրական աճի և իրականության միջև առկա խզումը, այս հարցադրումն օբյեկտիվորեն կա։
Փաստերով․ Հայաստանի տնտեսությունը վիճակագրորեն շարունակում է բարձր աճ ապահովել: Բարձր՝ առնվազն տնտեսության իրական հատվածում տեղի ունեցող զարգացումների համատեքստում։ Ինչի՞ հաշվին է դա:
Ուսումնասիրելով տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հունվար-ապրիլի կուտակային աճն (4.4%) ու դրա բացվածքը, տեսանելի է դառնում, որ այդ աճն ապահովել են ծառայությունների, շինարարության և առևտրի ոլորտները։ Մինչդեռ տնտեսության այնպիսի առանցքային ուղղություն, ինչպիսին արդյունաբերությունն է, անկում է ապրել (-16.1%)։
Բավական մեծ անկում է գրանցվել նաև արտաքին առևտրաշրջանառության ուղղությամբ․ նվազեել են ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ցուցանիշները։ Փաստորեն չկան արտաքին գործոնները, տեսանելի է, որ այստեղ ևս լուրջ խնդիրներ ունենք։
Եկեք ֆիքսենք․ հանրությունն այսօրինակ տնտեսական աճի դրական ազդեցությունը չի զգում և չի կարող զգալ, քանի որ այն ապահովվում է ոչ թե հավելյալ արդյունք ստեղծելու հաշվին, իսկ հավելյալ արդյունք ասելով նկատի ունենք արտադրանքի թողարկում, տեխնոլոգիաների և որակի բարձրացում, ի վերջո նոր կայուն աշխատատեղեր, մասնավորապես, այլ արժեք չգեներացնող ուղղություններում արձանագրված աշխուժության, այն էլ՝ ժամանակավոր ազդեցութուններով պայմանավորված:
Խնդիրը նրանում չէ, որ այս ուղղություններով աճ պետք չէ, այլ՝ արդյունաբերության կտրուկ անկումն է, որը մնայուն արժեք ստեղծող ուղղությունն է։ Ստացվումէ՝ Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքը շարունակում է վատթարանալ։ Եվ դա դրսևորվել է նաև ՀՆԱ-ի եռամսյակային աճի կառուցվածքում։ Ի դեպ, ՀՆԱ-ն, ի տարբերութուն ՏԱՑ-ի, որն օպերատիվ ցուցանիշ է, տնտեսության բովանդակային գնահատականի տեսանկյունից շատ ավելի ընկալելի ցուցանիշ է։
Առաջին երեք ամիսներին ՀՆԱ-ի 5,2 % աճը բնավ ցածր ցուցանիշ չէ, սակայն դա ևս առավելապես աճել է նույն՝ արտահանելի արժեք չստեղծող ուղղությունների հաշվին։ Իսկ առանցքային՝ մշակող արդյունաբերության ուղղությունում ունենք -21,1 % անկում։ Ուրախալի է գյուղատնտեսության 8,1 % աճը, սակայն ժամանակ է պետք հասկանալու՝ դա ժամանակավո՞ր ազդեցությամբ է պայմանավորված (օրինակ՝ բարենպաստ եղանակային պայմաններ), թե՞ այլ զարգացումների։ Իհարկե ցանկալին երկրորդ սցենարն է։
Այսպիսով, վերադառնալով հարցին՝ ո՞վ է այս աճի իրական շահառուն: Եկեք բաժանենք սեգմենտների: Հանրությո՞ւնն է տնտեսական աճի շահառուն։ Հանրությունն այն օրը կլինի տնտեսական աճի շահառուն, երբ դրա դրական ազդեցությունների ներքո լինի, եթե ոչ ընթացիկ ժամանակաշրջանում, ապա գոնե ստեղծվեն կայուն զարգացման հեռանկարներ: Ներկա պահին սոցիալական լարվածությունը և ապագայի հեռանկարն, ի դեմս օրինակ, աճող պետական պարտքի, որևէ կերպ նման ակնկալիք չեն ձևավորում:
Արդյոք միջազգային հանրությունն ու գործընկերներն են շահառուները. բարձր վիճակագրությունը կարող է լինել գործընկերների համար գնահատականների, վարկանիշների հենք, և դա այդպես է,բայց բոլոր գործընկեր կառույցները մշտապես նշել և շարունակում են մատնանշել այն հիմնական գործոնները, որոնց արդյունքում վերջին տարիներին և առ այսօր կան աճեր: Դրանով տալիս են մեսիջ՝ իրենք տեսնում են, որ աճ կա, բայց նաև հասկանում՝ ինչի հաշվի է դա տեղի ունենում։
Արդյոք ներդրողներն են շահառուները. եթե խոսքն աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնող ներդրումային նախագծի մասին չէ, ապա ցանկացած խոշոր ներդրումային նախագծի համար կարևոր նախապայման է անվտանգությունն ու կայուն տնտեսաքաղաքական միջավայրը:
Ո՛չ առաջինի, ո՛չ երկրորդի մասով մենք դրական պատկեր չունենք:
Իսկ գուցե իշխանությո՞ւնն է տնտեսական բարձր աճի շահառուն. թերևս միակ շահառուն բարձր աճի՝ «աննախադեպի» իրենց քարոզչությունը շարունակելու համար: