Գուսան Հայկազուն. Հայրենասեր երգահան բանաստեղծը

20 Ապրիլի 2025, 22:06

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ապրիլի 20-ը հայ գուսան, երգահան, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ և «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության անդամ Գուսան Հայկազունի (իսկական անունը՝ Գագիկ Ստեփանի Նազարյան) ծննդյան օրն է:

Գուսան Հայկազունը ծնվել է 1951 թվականին Արտաշատ քաղաքում: Նրա նախնիները Պարսկահայքի Խոյ քաղաքից են։ Նա մեծացել է երեք քույրերի հետ։ Վաղ հասակում կորցրել է հորը՝ պահպանելով վերջինիս հետ կապված միակ հիշողությունը՝ հոր որսորդական հրացանը։

Դեռ դպրոցական տարիներին սկսել է հայրենասիրական և սիրային երգեր գրել։ Նրա ստեղծագործության ձևավորման վրա զգալի ազդեցություն է ունեցել դպրոցի ուսուցիչ Րաֆֆի Հարությունյանը, որի շնորհիվ Հայկազունը սկսել է գրել հայրենասիրական ստեղծագործություններ: Երիտասարդ Հայկազունին ոգեշնչել են նաև Հովհաննես Շիրազի բանաստեղծությունները։

1967թ. ավարտելով դպրոցը՝ ընդունվել է Երևանի շինարարական տեխնիկում և ստացել շինարար-ինժեների մասնագիտություն:

Նա ընտրել է «Գուսան Հայկազուն» կեղծանունը՝ ընդգծելու իր ծագումը Հայկ Նահապետից։ Ըստ գուսանի՝ իր ստեղծագործությունները պայքարի կոչ են և այնտեղ «լացելու» մոտիվներ չկան։

«Հայկազունք» երաժշտական համույթի հետ Հայկազունն ամեն տարի համերգներ է ունեցել Հայաստանի և Արցախի ավելի քան 40 դպրոցներում, իսկ տարին մի քանի անգամ՝ նաև սփյուռքում։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղել է Արտաշատի «Երկրապահ» ջոկատի կազմում՝ Լաերտ Սաղաթելյանի հրամանատարության ներքո։ Հայկազունը չի մասնակցել ամենածանր մարտերին, իսկ ջոկատի հրամանատարը նրան հանձնարարել է երգեր գրել մարտի դաշտում։

Պատերազմի ընթացքում նա գրել է բազմաթիվ ստեղծագործություններ։ Նա անձամբ հանդիպել է Մոնթե Մելքոնյանի հետ և հետագայում կապ պահպանել նրա ընտանիքի և ընկերների հետ: Հայկազունը Ղարաբաղյան շարժմանը միացել է առաջին իսկ օրերից, և արդեն մեկ շաբաթ անց գրել իր առաջին երգը՝ «Հայեր, միացեք»-ը, որն առաջին անգամ կատարել է 1988 թվականի մայիսի 17-ին՝ իր դստեր ծնվելու օրը, Օպերայի հրապարակում։

Հայկազունը ևս մեկ շատ հայտնի հայրենասիրական երգի՝ «Գետաշենի» (1992 թ.) հեղինակն է: Ասում են՝ դա Հայաստանի հերոս Մոնթե Մելքոնյանի սիրելի երգն էր։ Նշենք, որ Գետաշենը Արցախի ամենահին հայկական գյուղերից մեկն է, որի բնակչությունը 1991 թվականին տեղահանվել է Բաքվի կողմից: