Ջիմ Թորոսյան․ Երևանի դեմքը կերտող ճարտարապետը
18 Ապրիլի 2025, 23:08

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ապրիլի 18-ը անվանի հայ ճարտարապետ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Երևանի գլխավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի ծննդյան օրն է:
Ջիմ Պետրոսի Թորոսյանը ծնվել է 1926 թվականին։ 1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի ասպիրանտուրայում ՝ խորհրդային ճարտարապետության հիմնադիրներից Կարո Հալաբյանի ղեկավարությամբ: 1958 թվականից եղել է «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավարը։
1963 թվականին այցելել է Իտալիա, որտեղ ուսումնասիրել է դասական և ժամանակակից ճարտարապետության հուշարձանները։ Ուղևորության արդյունքները ՝ չափագրումներ և գծանկարներ, ներկայացվել են Երևանում և Թբիլիսիում կայացած ցուցահանդեսներում: Թորոսյանն ակտիվորեն մասնակցել է հանրապետական և համամիութենական մրցույթներին՝ իր նախագծերի համար արժանանալով մրցանակների։ Նա մրցանակ է ստացել Սևաստոպոլի ազատագրման ժամանակ զոհված հայկական դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշարձանի, 1915 թվականի ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի համար։
Ջիմ Թորոսյանը մասնակցել է նաև Փարիզում կայացած «Արվեստների կենտրոն» նախագծի միջազգային մրցույթին։
Նրա և համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են Սրտաբանության ԳՀԻ համալիրը (1964-69թթ), Այրարատյան թագավորության ոսկեհուռ տարբերանշանով Հայաստանի հավերժող պետականությունը խորհրդանշող հուշարձան-կոթողը (1967թ.), մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանըվերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրով (1981թ., ՀՀ Պետական մրցանակ 1983թ.), Ժամանակակից արվեստի թանգարանը (1982-85թթ), «Հայաստան» հուշահամալիրը («Կասկադ», 1980-2004թթ), քաղաքապետարանը պատմության թանգարանով (2004թ.), ինչպես նաև Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը (1998-2005թթ), Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (2001թ.) և այլն:
Բացի այդ, նա ստեղծել է Միքայել Նալբանդյանի և Ավետիք Իսահակյանի հուշարձանները, ինչի համար նրա թիմն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։
Ջիմ Թորոսյանը դասավանդել է նաև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում՝ համատեղելով ստեղծագործությունը մանկավարժության հետ։
1971 թվականից զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը՝ ակտիվորեն մասնակցելով քաղաքի վերակառուցմանն ու բարեկարգմանը։
1968թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1988թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի կոչման:
Ճարտարապետը պատկանում էր խորհրդային ճարտարապետների մի սերնդին, որոնք գիտական և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում անցել էին ձևավորման բարդ ուղի: Նրա մասնագիտական կյանքն արտացոլում է խորհրդային ճարտարապետության զարգացման փուլերը։
Ջիմ Թորոսյանը մահացել է 2014 թվականի հունվարի 5-ին։